Մարտի 28

Զատկի ծեսով դեպի Գյումրի

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք եկեղեցին գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կենտրոնական Վարդանանց հրապարակում։ Կառուցվել է 1874-1886 թթ.։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։
Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։

Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է: Քանի որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն տեղացիները չեն թողել և այն մնացել է Գյումրիում։

Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր Աուրբ Մարիամ Աստվածածնի նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝

Հիսուսի տաճարին հանձնելը,
Եգիպտոս փախչելը,
տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը,
խաչը տանելը,
Հիսուսի մահը խաչին,
Հիսուսի մարմնի ստանալը,
Հիսուսի գերեզման դնելը:

Եկեղեցին գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի Էջմիածնի Մայր Տաճարից։
1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից եկեղեցին քիչ է տուժել։ Երկու փոքր գմբեթները ամբողջությամբ պոկվել և ընկել էին։ Այդ գմբեթները հիմա դրված են եկեղեցու բակում:
Հայաստանի անկախացումից հետո եկեղեցին բարեկարգվել է։

Յոթ Վերք եկեղեցին արտաքուստ ուղղանկյունաձև, իսկ ներքուստ խաչաձև գմբեթավոր շինություն է։ Եկեղեցին ունի մի գլխավոր և 3 լրացուցիչ գմբեթներ։

Եկեղեցու պատերը զարդարված են բարձր գեղարվեստական արժեք ունեցող որմնանկարներով։

 

Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնում: Այն կառուցվել է 1860-1873թթ.: Շինության ճարտարապետն է Թադևոս Անդիկյանը:

1850-ականներին հայկական կաթոլիկ և հունական ուղղափառ եկեղեցիներ են կառուցվել Ալեքսանդրապոլ-Գյումրիի կենտրոնում: Վիրավորվելով այս փաստից հայ Առաքելական եկեղեցու նվիրյալները (ովքեր մեծամասնություն են կազմում քաղաքի բնակչության մեջ) որոշում են կառուցել նոր եկեղեցի 2 եկեղեցիների մեջտեղում, որը կլիներ ավելի մեծ և ավելի տպավորիչ:

Եկեղեցին կառուցվել է Անիի Մայր Տաճարի ճարտարապետության նմանությամբ, բայց Ամենափրկիչը ավելի մեծ է Անիի Մայր տաճարից: Մարդիկ պատմում են, որ Թադևոսը ամեն օր կառքով գնացել է Անիի՝ Կաթողիկե տաճարը տեսնելու և երեկոյան վերադառնալով՝ փորձել է նման կերպ կառուցել Ամենափրկիչ եկեղեցին:

1930թ. Խորհրդային իշխանությունը փակել է եկեղեցին: Ժամանակի ընթացքում եկեղեցու գմբեթը քանդվել է, իսկ զանգակատունը պայթեցվել: 1964թ. Գյումրիի գխավոր ճարտարապետը վերականգնել է զանգակատունը: Հետո այն վերափոխվել է համերգային դահլիճի:

Եկեղեցու շենքը, որը դիմակայել էր 1926թ. երկրաշարժին, անզոր է գտնվել 1988թ. աղետի դեմ: Ավերումից հետո երկար ժամանակ այն վերականգնելու որոշում չի կայացվել: Միայն 1995 թվականին է այդպիսի թույլտվություն եղել:

Եկեղեցու վերականգման համար հանգանակություններ են կատարվել ժողովրդի կողմից։ Գումար է հատկացրել նաև կառավարությունը և բարերարները:

Վերականգնման աշխատանքները տևել են 20 տարուց ավելի: Նախկին կառույցից պահպանված ամեն մի քար օգտագործվել է նոր շենքը կառուցելիս: Սակայն եկեղեցու գմբեթը, որը երկրաշարժի ժամանակ ճաքել և ցած էր ընկել, վերականգնման ենթակա չէր: Այն պահվում է եկեղեցու բակում:


Posted 28.03.2023 by duryanareg in category Հայրենագետի ակումբ

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*