Հոկտեմբերի 31

Իմ բնակավայրը

Ես բնակվում եմ Կարախանյան փողոցում։ Այն գտնվում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, որը հայտնի է նաև Մասիվ անունով:

Նոր Նորքի հարևանությամբ են գտնվում Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղը, Երևանի Ավան, Էրեբունի, Կենտրոն, Նորք Մարաշ վարչական շրջանները։ Նոր Նորք համայնքը ստեղծվել է 1966 թվականին։ Մեր վարչական շրջանում է գտնվում մայրաքաղաքի ամենաբարձրադիր վայրը՝ Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից բլուրը, որը ծովի մակարդակից բարձր է 1370 մետր։ Մենք ընտանիքով շատ ենք սիրում տոներին այս եկեղեցում մոմ վառել, զբոսնել եկեղեցու բակում և փորձել բլրի վրայից գտնել մեր շենքն ու բնակարանը։

Նոր Նորք համայնքում կա 671 բազմաբնակարան շենք, 20 դպրոց, 22 մանկապարտեզ, 2 քոլեջ, Անանիա Շիրակացու ճեմարանը։ Այստեղ է գտնվում նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը։

Նոր Նորքում է գտնվում նաև Ջրաշխարհը, որը ամռանը բոլորի սիրելի վայրն է, ինչպես նաև գազանանոցը, որը սիրելի վայր է բոլոր եղանակներին։

Մեր համայնքում կան նաև շատ հուշարձաններ, որոնցից ամենահայտնին Հայկ Նահապետի արձանն է։ Այս արձանի մոտ գտնվող այգին մեր հաջորդ ամենասիրելի զբոսանքի վայրն է։

Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ` հարևաններով

Բայց եթե այդ այգիներում մենք շատ ուշ-ուշ ենք զբոսնում, ապա մեր շենքի բակի այգում խաղում ու զբոսնում ենք գրեթե ամեն օր։ Ես շատ եմ սիրում երեկոները եղբորս հետ իջնել բակ, հեծանիվ վարելու կամ գնդակ խաղալ ։ Խաղն ավելի հետաքրքիր է դառնում, երբ մեզ են միանում մեր հարևանները՝ Սվետլանան ու Ալեքսը։ Մեր հայրիկներն ու մայրիկները իրար ընկերներ են, իսկ մենք երեխաներով՝ իրար։


Posted 31.10.2021 by duryanareg in category Հայրենագիտություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*