Ապրիլի 27

Տիգրան Մեծի տերությունը

Հայկական աշխարհակալության սահմանները: Ք. ա. 95–70 թթ. ընթացքում՝ ընդամենը քառորդ դարում, Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն: Նրա տերության սահմանները և ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս: Հայոց տերությունը` գերիշխանության ներքո գտնվող երկրներով և քաղաքակաբ ազդեցության ոլորտներով հանդերձ, կազմում էր մի ահռելի տարածք: Այն 10 անգամ ավելի մեծ էր, քան բուն Մեծ Հայքի թագավորությունը:

Հռոմեացի պատմիչների տեղեկությունների համաձայն Տիգրան Մեծի բանակի կազմը հասնում էր 300 հազարի: Դրա մեջ ընդգրկված էին նաև նվաճված երկրների բանակները: Բուն հայկական զորքը կազմում էր շուրջ 120 հազար:

Տիգրան Մեծի հիմնած բնակավայրերը։ Ք. ա. 80-ական թթ. Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը հայտնվել էր Տիգրան Մեծի աշխարհակալության հյուսիսում: Մեծ տիրակալը կարող էր նոր մայրաքա ղաք հռչակել նվաճված երկրների որևէ խոշոր քաղաք, սակայն դա դեմ էր հայրենապաշտ արքայի սկզբունքներին: Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և՛ հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ: Դա այն վայրն էր, որտեղ Ք. ա. 95 թ. թագադրվել էր արքայազն Տիգրանը: Փաստորեն, դեռևս պատանդության շրջանում նա մշակել էր աշխարհակալության հասնելու ծրագիր` որոշելով նաև ապագա մայրաքաղաքի տեղը: Տիգրանակերտում էլ կատարվեց նրա թագադրությունը: Տիգրանակերտ մայրաքաղաքը շրջապատված էր 50 կանգուն, այսինքն 25 մետր բարձրությամբ պարսպով: Ուներ անառիկ միջնաբերդ, պալատ, թատրոն, պարտեզներ, այգիներ և որսատեղիներ: Այն ժամանակի աշխարհի մեծագույն քաղաքներից էր: Հռոմեացի պատմիչի վկայությամբ` հայերը սիրով և արագորեն ծաղկեցրել են նոր մայրաքաղաքը: Եվ դա արել են «հանուն արքայի նկատմամբ տածած սիրո և հարգանքի»:
Հայոց տիրակալը կառուցեց երկրի համար կենսական նշանակություն ունեցող Արքունի պողոտան, որը կապում էր հին մայրաքաղաք Արտաշատը Տիգրանակերտին:

Մայրաքաղաքից բացի` Տիգրան Մեծն իր անունով հիմնադրել է ևս 6 բնակավայր: 2006թ. հայ հնագետները հայտնաբերեցին Արցախի Տիգրանակերտը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի տերության սահմանները:
Տիգրան Մեծի տերության սահմանները և ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս:

  1. Որքան էր Տիգրան Մեծի բանակի թիվը: Դրանից որքանն էր բուն հայկական զորքը:
    Տիգրան Մեծի բանակի կազմը հասնում էր 300 հազարի: Դրա մեջ ընդգրկված էին նաև նվաճված երկրների բանակները: Բուն հայկական զորքը կազմում էր շուրջ 120 հազար:
  2. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին` Արգիշտի I-ին և Տիգրան II Մեծին:
    Արարատյան թագավորության հզորագույն գահակալը Արգիշտի Առաջինն էր, որ թագավորել է մ.թ.ա. 786-764 թթ.: Նրա թագավորության օրոք Վանի թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին: Նա կարողանում է վերականգնել իր տերության սահմանների ամբողջականությունը,  հետո անցնում արտաքին նվաճումների: Արարատյան թագավորության գլխավոր թշնամին Ասորեստանն էր, որը Ք. ա. 781 թ. փորձում է կասեցնել հայկական պետության առաջխաղացումը դեպի հարավ: Արգիշտի Ա-ն հետ է մղում ասորեստանյան բանակի հարձակումն ու հակահարված հասցում թշնամուն: Դրանից հետո Արգիշտի Ա-ն արշավում է Ասորեստանի վրա և իր տիրապետությանը ենթարկեց Հյուսիսային Ասորիքը: Նրա ժամանակակից ասորեստանցի զորավարն անգամ արձանագրության մեջ խոստովանել է. «Արգիշտին, որի անունն անգամ ահարկու է»։

    Տիգրան Մեծը եւս հզոր գահակալ էր: Հենց նրա թագավորության ժամանակ երկիրը հասավ իր երբեմնի եղած ամենաընդարձակ սահմաններին: Երկու արքաներն էլ նախ ուշադրություն դարձրեցին երկրի ներքին կայունությանը, ապա անցան արտաքին նվաճումներին: Հաջող դաշինքների եւ սրատես քաղաքականության շնորհիվ՝ նա հզորանում է:  Տիրելով Կասպից ծովից մինչեւ Միջերկրական ծովը ձգվող մի լայնարձակ երկրատարածքի՝ նա պարթեւներից խլում է «Արքայից արքա» տիտղոսը եւ այդուհետ ամենուր հանրությանը երեւում միայն չորս հպատակ արքաների ուղեկցությամբ։

  3. Ե՞րբ և որտե՞ղ կառուցեց Տիգրան Մեծն իր նոր մայրաքաղաքը:
    Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և՛ հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ: Դա այն վայրն էր, որտեղ Ք. ա. 95 թ. թագադրվել էր արքայազն Տիգրանը:
    Նկարագրե՛ք մայրաքաղաք Տիգրանակերտը:
    Տիգրանակերտ մայրաքաղաքը շրջապատված էր 50 կանգուն, այսինքն 25 մետր բարձրությամբ պարսպով: Ուներ անառիկ միջնաբերդ, պալատ, թատրոն, պարտեզներ, այգիներ և որսատեղիներ: Տիգրանակերտը այն ժամանակի աշխարհի մեծագույն քաղաքներից էր:

Հայաստանը Հռոմի դեմ պառերազմի տարիներին

Հռոմեա–հայկական
պատերազմը:
 Ք. ա. 71 թ. Պոնտոսի արքա Միհրդատ VI–ը, Հռոմի դեմ մղված հերթական պատերազմում պարտվելով, փախավ Հայաստան: Նրան հետապնդող հռոմեացի զորավար Լուկուլլոսը չհանդգնեց անցնել սահմանը, այլ պատվիրակներ ուղարկեց` պահանջելով հանձնել Հռոմի ոխերիմ թշնամուն: Տիգրան Մեծը, սակայն, մերժեց հռոմեացիներին և չհանձնեց իր դաշնակցին ու բարեկամին: Հռոմեական բանակը Ք.ա. 69 թ. գարնանը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք: Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Սակայն Ք.ա. 68 թ. հայերը ջախջախեցին հռոմեական բանակը Արածանիի ճակատամարտում և թշնամուն դուրս քշեցին Հայաստանից: Ավելին` հայոց զորքերի օգնությամբ` Միհրդատ Եվպատորն ազատագրեց Պոնտոսը` այնտեղից ևս դուրս մղելով հռոմեացիներին:
Պաշտոնազրկված Լուկուլլոսի փոխարեն Ք. ա. 66 թ. Արևելք եկավ հռոմեացի զորավար Պոմպեոսը: Նա կարողացավ դաշինք կնքել Տիգրան Մեծի դեմ ըմբոստացած Պարթևստանի հետ: Դաշինքի համաձայն Յռոմը պետք է պատերազմ սկսեր Պոնտոսի դեմ, իսկ Պարթևստանը Հայաստանի: Նույն թվականի գարնանը հռոմեացիները գրավեցին Պոնտոսը: Հայաստանում պարթևները պարտվեցին և փախուստի դիմեցին: Ճիշտ է, Տիգրան Մեծը կրկին հաղթեց պարթևներին, սակայն նա կորցրել էր իր դաշնակից Պոնտոսին:

Արտաշատի պայմանագիրը։ Հայաստանը մնաց մենակ՝ ընդդեմ Հռոմի և Պարթևստանի: Սկսվեցին բանակցություններ Հռոմի և Հայաստանի միջև: Ք. ա. 66 թ. Արտաշատում Տիգրան Մեծի ու Պոմպեոսի կողմից ստորագրվեց հայ–հռոմեական հաշտության պայմանագիր: Հայաստանը հօգուտ Հռոմի հրաժարվեց իր նվաճումներից: Մեծ Հայքը ճանաչվեց «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», ինչը ենթադրում էր ռազմական փոխօգնություն:

Մեծ տիրակալի դասերը: Ինչո՞ւ Տիգրան Մեծը գնաց նման զիջումների: Չէ՞ որ նա հաղթել էր հռոմեացիներին Ք. ա. 69-68 թթ. լուկուլլոսյան պատերազմում, Պոմպեոսի հետ բախում չէր ունեցել, իսկ պարթևներին հերթական անգամ պարտության էր մատնել Ք. ա. 66 թ.։

Առաջին հայացքից անհասկանալի թվացող այս քայլը բացատրվում է Տիգրան Մեծի հայրենապաշտությամբ: Պատերազմը շարունակելու դեպքում Հայաստանը միայնակ պետք է կռվեր ընդդեմ Հռոմի և Պարթևստանի, այլ կերպ ասած` ընդդեմ ամբողջ աշխարհի:

Տիգրան Մեծը մահացավ Ք. ա. 55 թվականին 85 տարեկան հասակում: Նա սերունդների հիշողության մեջ մնաց որպես հզորագույն և հայրենապաշտ տիրակալ։
Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ սկսվեց հռոմեա–հայկական պատերազմը: Ի՞նչ դեպքեր էին նախորդել դրան:
    Հռոմեա-հայկական պատերազմը սկսվեց Ք. ա. 69 թ.: Դրանից 2 տարի առաջ Պոնտոսի արքա Միհրդատ VI–ը, Հռոմի դեմ մղված հերթական պատերազմում պարտվելով, փախավ Հայաստան: Նրան հետապնդող հռոմեացի զորավար Լուկուլլոսը չհանդգնեց անցնել սահմանը, այլ պատվիրակներ ուղարկեց` պահանջելով հանձնել Հռոմի ոխերիմ թշնամուն: Տիգրան Մեծը, սակայն, մերժեց հռոմեացիներին և չհանձնեց իր դաշնակցին ու բարեկամին: Հռոմեական բանակը Ք.ա. 69 թ. գարնանը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք:
  2. Ե՞րբ են տեղի ունեցել Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը: Համեմատե՛ք դրանք:
    Տիգրանակետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հայերը պարտվեցին, սակայն Արածանիի ճակատամարտում ջախջախեցին հռոմեացիներին և թշնամուն դուրս քշեցին Հայաստանից:
  3. Ինչպես ավարտվեց Լուկուլլոսի արշավանքը Հայաստան:
    Լուկուլլոսի արշավանքը Հայաստան ավարտվեց հռոմեական զորքերի պարտությամբ և մեր երկրից դուրս քշվելով:
  4. Պոմպեոսը ե՞րբ եկավ Արևելք: Ի՞նչ քայլեր նա ձեռնարկեց:
    Պոմպեոսը Արևելք եկավ Ք. ա. 66 թ.:
  5. Ինչո՞ւ Արտաշատի պայմանագրով Տիգրան Մեծը կատարեց մեծ զիջումներ:
    Տիգրան Մեծը զիջումներ կատարեց, որովհետև Հայաստանը մնացել էր մենակ՝ ընդդեմ Հռոմի և Պարթևստանի: Ստիպված Տիգրան Մեծը բանակցություններ սկսեց Հռոմի հետ: Տիգրան Մեծն ու Պոմպեոսը ստորագրեցին հայ–հռոմեական հաշտության պայմանագիր:
  6. Երբ մահացավ Տիգրան Մեծը: Բնորոշեք նրան իբրև տիրակալի:
    Տիգրան Մեծը մահացավ Ք. ա. 55 թվականին՝ 85 տարեկանում: Նա հզորագույն և հայրենապաշտ տիրակալ էր, որովհետև մինչև կյանքի վերջ ամեն ինչ արեց հայրենիքի հզորացման, բարգավաճման համար։


Posted 27.04.2024 by duryanareg in category Պատմություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*